Ռոհանին խայտառակություն է որակել ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հետախուզության աշխատանքն ու ՀՕՊ-ը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խայտառակություն է որակել Սաուդյան Արաբիայի վրա հրթիռային հարձակումը հետ մղելու ամերիկյան հակահրթիռային եւ հակաօդային համակարգերի անկարողությունը եւ հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը դրա մասին նախօրոք ոչ մի բան չգիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ ամբողջ փողը, որ ԱՄՆ-ից գալիս է պաշտպանական համակարգերի, սպառազինության, ամբողջ Սաուդյան Արաբիայում, Արաբական թերակղզում տեղակայված ռադարների համար. ինչո՞ւ դրանք չկարողացան կանխել այդ հրթիռների ընկնելը թիրախների վրա: Ի՞նչ իմաստ ուներ այդ բոլոր Patriot հակահրթիռային համակարգերի տեղակայումը»,- ասել է Ռոհանին Fox News-ի հետ հարցազրույցում:
«Նույնիսկ եթե ընդունենք (Իրանի մասնակցության վերաբերյալ) ԱՄՆ բոլոր մեղադրանքները, ապա դա ԱՄՆ-ի համար ավելի մեծ խայտառակություն կլինի, եւ նա պետք է պատասխանի, թե ինչու չկարողացավ այդ հրթիռները կասեցնել եւ որսալ»,- հավելել է Իրանի նախագահը:
Նա նշել է, որ եմենցի ապստամբ հուսիները սպառազինության «անչափ առաջավոր» համակարգեր ունեն:
Ռոհանին նաեւ հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը պատրաստվող հարձակմանն անտեղյակ էր:
«Ինչո՞ւ ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները, որոնք ամերիկացի հարկատուների հաշվին խոշոր բյուջեներ են ստանում բացարձակապես տեղյակ չէին եմենցիների այս ռազմական հնարավորությունների մասին: Սրան պետք է պատասխանել: Ամերիկան պետք է ասի, թե ինչու է տարածաշրջանում այդքան շատ զենք վաճառում: Ինչո՞ւ չի կարողանում պարզել, որտեղից է դա (հարձակումը) իրականացվել: Այնուհետեւ ապացույցները ցույց տա»,- ասել է Իրանի նախագահը: