«Մուլտի Գրուպ» Կոնցեռնը որոշել է կասեցնել Կապանում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները
«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ որոշել է կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև, հաղորդում է Hetq.am-ը:
««Ինչպես տեղյակ եք, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապան համայնքում նախատեսում էր կառուցել ցեմենտի աղացման արտադրամաս: Օրենքով նախատեսված ընթացակարգով համայնքում պետք է կազմակերպվեին հանրային լսումներ, որոնց կայացումը սակայն շուրջ 2 տարի խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից:
«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»»,- նշված է հաղորդագրության մեջ: