ԱՄՆ-ը փորձում է գայթակղել Թուրքիային իր Patriot ԶՀՀ-ներով և F-35 կործանիչներով
ԱՄՆ-ը կարող է Թուրքիային Patriot զենիթահրթիռային համալիրների եւ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման նոր առաջարկ անել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Haber Turk հեռուստաալիքին։
Նրա տվյալներով՝ Վաշինգտոնը եւ Անկարան պատրաստվում են համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, որպեսզի հասնեն 100 մլրդ դոլար ապրանքաշրջանառության մակարդակի։ Այդ համաձայնագրի շրջանակում Թուրքիային կարվի նոր առաջարկություն Patriot-ների եւ F-35-ների մատակարարման մասին, հանրապետության համար կիջեցվեն նաեւ ալյումինիումի եւ պողպատի մաքսատուրքերը։
Թուրքիան մի քանի տարի փորձել է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ իրեն Patriot զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին, բայց Վաշինգտոնը նման գործարքի չի գնացել, ինչի հետ կապված՝ Անկարան որոշել է գնել ՀՀՊ միջոցներ Մոսկվայից։
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել է Թուրքիայի հետ Ս-400-ների մատակարարման պայմանագիր կնքելու մասին, որի արժեքն է 2,5 մլրդ դոլար։ Անկարան կստանա երկու դիվիզիոն Ս-400-ներ։ Պայմանագիրը նախատեսում է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում թուրքական կողմին։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։ Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերման դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր տեղեկացրել է, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունն ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։