«Պրիմիտիվ մոտեցում է, երբ ասում են՝ կամ պիտի հանք լինի, կամ պիտի կյանք լինի». Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովիտում
Հայաստանում գիտության գործնական նշանակությունը պետք է արձանագրվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտության զարգացման համար շատ կարեւոր է, որ Հայաստանի տնտեսությունը գիտությանը խնդիրներ առաջադրի։ Օրինակ, ես որ գնացի Գորայք գյուղ, այնտեղ կար մի քիմիկոս, որը աշխատում էր այդ գյուղի այն լաբորատորիայում, որ ստեղծել էր «Լիդիան» ընկերությունը, որտեղ փորձարկվում էր պասիվ մաքրման կայանը։ Ես նկատի ունեմ, որ երբ Հայաստանում կա քիմիկոսի պահանջ... պարտադիր չի «Լիդիանը» լինի, թե Ամուլսարը, բայց խնդիրն այն է՝ ՀՀ տնտեսությունը գիտությանը խնդիրներ առաջադրում է, թե չէ, դա պահանջված է, թե չէ»,–նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ եթե տնտեսությունը գիտությանը խնդիրներ չի առաջադրում, բարձրագույն կրթությունն էլ է դառնում անիմաստ. «Եթե մենք կառուցենք տնտեսություն, որտեղ գիտությանը հարցեր կունենա, մենք գիտություն կունենանք, հակառակ պարագայում նույնիսկ բարձրագույն կրթությունը կդառնա անիմաստ։ Եթե մենք մարդուն տալիս ենք բավարար մակարդակի բարձրագույն կրթություն, բայց չենք ապահովում աշխատանքով, նա կարտագաղթի։ Ստացվելու է, որ կրթությունը ՀՀ–ում արտագաղթին նպաստող գործոն է։ Գիտությունը զարգանում է այն երկրում, որտեղ տնտեսությունը հարց է տալիս՝ գիտությո՛ւն ջան, սա ո՞նց լուծեմ, տնտեսությունը պիտի հարց տա՝ գիտությո՛ւն ջան, ես համ ուզում եմ ոսկի ունենամ, համ ուզում եմ մարդկանց ու բնությանը վնաս չտամ։
Իսկ այսօր հանրային դիսկուրսը երբ ասում են՝ կամ պիտի հանք լինի, կամ կյանք լինի, սա պրիմիտիվ մոտեցում է, նշանակում է մենք չենք ուզում բարդ խնդիրներ լուծել, սա նշանակում է մենք չենք ուզում մեր երկրում գիտություն լինի, եթե ուզում ենք պարզ խնդիրներ լուծել, մեզ գիտություն պետք չէ»։