ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր (Լուսանկարներ)
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղեւորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու եւ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ եւ Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Դրափեր համալսարանի միջեւ։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համագործակցել, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «NVidia» ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում եւ որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովիտում։ Հայաստանի վարչապետին եւ նրա տիկնոջը դիմավորել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ «NVidia»-ի կենտրոնակայանում եւ ցուցասրահներով շրջայցի ընթացքում Ջենսեն Հուանգը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ծրագրերը, համակարգչային գրաֆիկաների մշակման գործընթացը, դրա շրջանակում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ կարճատեւ հանդիպում է ունեցել «NVidia» ընկերության գործադիր տնօրենի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները։