Գեղարդ վանական համալիրում տեղի է ունեցել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը:
Համերգի ընթացքում հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և այլ երաժիշտներ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահը, ՀՀ Վարչապետը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:
Այս համերգը հանրությանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելու բացառիկ հնարավորությունից զատ, Հայաստանում զարգացող արվեստի միտումները ներկայացնելու հրաշալի հնարավորություն էր: Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ: