Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում դեպի Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, որոշ բեռնափոխադրողների կողմից մեքենաների ծանրաբեռնվածության հետ կապված թույլատրելի նորմերի գերազանցման պատճառով առաջացել է հավելյալ ձեւակերպումների իրականացման անհրաժեշտություն, ինչը երկարաձգում է սահմանահատման ընթացքը։
ՌԴ համապատասխան մարմինների կողմից ստացված տեղեկատվության համաձայն, ՌԴ մաքսային ծառայության կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում համապատասխան մարմինների հետ՝ տեղում ծագող հարցերի կարգավորման նպատակով։