«Մեզ հանք պետք չի». Սիլիկոնային հովտում աշխատող հայը՝ Փաշինյանին
Հայաստանը ճիշտ Սիլիկոնային հովտի չափ է, այսինքն մեզ հանք պետք չի Հայաստանում: Այս մասին սեպտեմբերի23-ին, Սիլիկոնային հովտում ՀՀ վարչապետի և այստեղ աշխատող հայերի հանդիպման ժամանակ նշեց ներկաներից մեկը, ով նշեց, որ 30 տարի ապրում է Սիլիկոնային հովտում:
«Ես գիտեմ, որ դուք շատ դժվար վիճակի մեջ եք, որովհետև եթե 1,5 տարի առաջ լիներ, ձեզ ավելի հեշտ կլիներ լինել հակահանք, ձեզ ավելի հեշտ կլիներ լինել մարդկանց կողքին: Հիմա դուք կառավարություն եք, ճիշտ է, բավական մեծ աջակցություն ունեք ժողովրդի կողմից, բայց ինչպե՞ս եք պատրաստվում դուրս գալ այս վիճակից: Ոչ ոք չի ուզում գնալ Հայաստան, որտեղից ուրան ու ոսկի է դուրս գալիս ու թունավորում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ինձ հետաքրքիր է՝ ինչու եք դուք եկել մի երկիր, որտեղից հարյուրավոր տարիներով ուրան, ոսկի ու չգիտեմ ինչ է դուրս եկել: Իմիջիայլոց, եղել են ժամանակներ, երբ ԱՄՆ տարածքում ոչ մի հանք չի եղել, նույնիսկ ընտանի կենդանիներ չեն եղել: Դա եղել է հնդկացիների ժամանակներում: Հետո եկել են մարդիկ, որոնք առաջին հերթին եկել են հանքի, եկել են ոսկու հետևից: Եթե հանկարծ այդ մարդիկ որոշեին, որ այս տարածքում հանք չի լինելու, Սիլիկոնային հովիտը չէր լինի: Աշխարհում չկա որևէ զարգացած երկիր, որտեղ չի եղել հանք»:
Նա հավելեց, որ քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաէկոլոգիական է. «Այս շենքը հակաէկոլոգիական է, որովհետև կային երջանիկ ժամանակներ, որ այստեղ ծառեր էին, մայում էին ոչխարները»:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ընդհանրապես, ինքը հանքարդյունաբերությունը չի սիրում. «Էլի շատ բան չեմ սիրում, բայց եթե այս երկրում առաջնորդվեին այն տրամաբանությամբ, որը դուք ասում եք, ԱՄՆ-ում կլինեին ծառեր, տարբեր կենդանիներ, անգամ վայրի կենդանիներ: Ես միշտ զարմանում եմ մեր ժողովրդի այդ հատկության վրա, որ կարելի է գալ Սիլիկոնային հովիտ ու եզրակացնել, որ մեզ հանք պետք չի: Մի երկրում, որի քաղաքակրթությունը կառուցվել է առաջին հերթին հանքի վրա: ԱՄՆ-ի պատմությունը հանքերի պատմություն է, այստեղ մարդիկ եկել են ոսկու տենդի հետևից, հետո եկել են պղնձի, նավթի, գազի հետևից: Այսինքն հիմա դուք ասում եք, որ Հայաստանին հանք պետք չի, Հայաստանը պետք է լինի գյուղատնտեսական երկիր, որտեղ դաշտերում մայեն մեր ոչխարները, մենք էլ փափախում ծառի տակ պետք է նստած լինենք»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքին, Փաշինյանն ասաց. «Եթե հնարավոր է այդ հանքը շահագործել շահագործող ընկերության հռչակած պարտավորությունների շրջանակում, այսինքն 100 տոկոսանոց անվտանգ, ուրեմն կշահագործվի: Եթե ոչ՝ չի շահագործվի»: Նա հիշեցրեց, որ Ամուլսարի շահագործման դեմ բերվող նույն փաստարկներով ժամանակին փակվել են «Նաիրիտը», Ատոմակայանը: «Դրա արդյունքում մեր ամբողջ գիտական ներուժը հայտնվեց կոլապսի առջև: Մենք հիմա ընկել ենք աշխարհ-աշխարհ, փնտրում ենք, որ մեր գիտության մեջ ներդրում անող լինի»: