Վարչապետի այցն ԱՄՆ 330 հազար դոլա՞ր է արժեցել. Politik.am (Լուսանկար)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել Gulfstream G550 գերթանկարժեք ինքնաթիռով: Այս մասին հայտնում է Politik.am-ը, որը ներկայացնում է իր անցկացրած փոքր լրագրողական հետազոտության արդյունքները:
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52:
Լուսանկարում թռիչքի ժամանակը գրված է Գրինվիչի ժամանակով 11:41, Գյումրին +4 գոտում է ուստի սրան պետք է գումարել 4 ժամ և կստանանք 15:41։
Վարչապետ Փաշինյանի համար պատվիրված ինքնաթիռը Գյումրիից ուղևորվել է Իռլանդիա, որտեղ լիցքավորվելուց հետ ուղղություն է բռնել դեպի ԱՄՆ, Լոս Անջելես:
Երեկ Բլոգնյուզ կայքի խմբագիր Կոնսանտին Տեր-Նակալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այս թռիչքը պետության համար արժեցել է 400 հազար դոլար, ուստի մենք փորձեցինք հասկանալ, թե որքան է իրականում արժեցել վարչապետի Լոս Անջելես մեկնելը Gulfstream G550 ինքնաթիռով:
Նախ նկատենք, որ ըստ վարչապետի հրապարակած լուսանկարների թռիչքը տևել է մոտ 17 ժամ: Gulfstream G550 ինքնաթիռը գերթանկարժեք ինքնաթիռների շարքին է դասվում: Մասնավոր ինքնաթիռների վարձակալությամբ զբաղվող Jets.ru կայքում նշված է, որ Gulfstream G550 ինքնաթիռ կարելի է վարձակալել ժամը 7400-10200 եվրո արժողությամբ:
Մենք արդեն գիտենք, որ վարչապետի Լոս Անջելես թռիչքը տևել է 17 ժամ: Մեր տեղեկություններով նույն ինքնաթիռով վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մեկնել նաև Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով:
Հասկանալու համար, թե դեպի Լոս Անջելես ուղևորությունը որքան կարժենա նշված ինքնաթիռով մենք պատվեր գրանցեցինք կայքում:
Ընկերությունից մեզ հետ կապ հաստատեցին և փոխանցեցին իրենց գնային առաջարկը: Ըստ այդ առաջարկի միայն Երևան-Լոս Անջելես թռիչքը, 13 ուղևորոներով կարժենա 250 հազար եվրո կամ 275 000 դոլար, իսկ Երևան-Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությունը կարժենա 300 հազար եվրո կամ 330 000 դոլար:
Նշենք, որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործու¬ղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության այդ 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միայն: