Հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել հասցրել է այսօրվան, երբ արդեն խոսում ենք ռազմավարական հեռանկարային խնդիրների մասին. Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ (Տեսանյութ)
Հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել հասցրել է այսօրվան, երբ արդեն խոսում ենք ռազմավարական հեռանկարային խնդիրների մասին: Այս մասին ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ես կարծում եմ, որ մի փոքր նյուանս կա, որ պետք է ավելացնել: Երբ ասում ենք՝ պահպանություն, դա մի փոքր պահպանողական է հնչում: Ինձ թվում է, որ մենք արդեն զարգացման մասին պետք է մտածենք, ոչ միայն պահպանության մասին: Այդ թեզը նաև իմ ելույթում կար: Երբ ասում ենք հայրենադարձություն, նկատի ենք առնում նաև այն մարդկանց, որոնք իրենց ինքությունից հեռացել են ինչ-ինչ պատճառներով: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ մեր այդ հայրենակիցները վերադառնան իրենց ինքնությանը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի: Այդ ընթացքում միշտ չէ, որ ինքը համաձայն է եղել ՀՅԴ-ի հետ և միշտ չէ, որ իրենք համաձայնություն են ունեցել, բայց դա համազգային նպատակների համատեքստում ոչ մի բան չի փոխում: «Այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այնքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք: Ուստի շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար»:
Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց, որ ՀՅԴ-ի հետ իր շփումները շարունակվեն և նոր իմաստ ստանան. «Իհարկե, չեմ թաքցրել, որ ՀՅԴ-ն իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է որոշակի վերագնահատումներն անի վերջին շրջանում ՀՀ-ում ծավալած իր գործունեության մասին: Ես նկատի ունեմ, որպես իշխող կոալիցիայի անդամ, և իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարևոր կլինի հենց Հայաստանում ՀՅԴ-ի հետագա իմիջի և գործունեության համար: Ես իմ շրջապատում ասել եմ, որ շատ եմ ցավում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի դաշնակցությունը չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ: Ես կարծում եմ, որ դա մեր պետականությանը, մեր ընդհանուր նպատակներին շատ օգտակար կլիներ: Եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ դա ողբերգություն չէ, կարևորը ապագայի վերաբերյալ ձևակերպել անելիքները: Ես պատրաստ եմ այդ խոսակցությունն ունենալ, ինչպես այլ քաղաքական ուժերի հետ, բայց ՀՅԴ-ի հետ առավել ևս»,-ընդգծեց Փաշինյանը: