Ադրբեջանում շտապել են «բացատրել». զոհված զինծառայողը մոլորվել է, ոչ թե մասնակցել դիվերսիայի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել է բացատրություններ տալ նախօրեին ձախողված դիվերսիոն հարձակման առիթով։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, «սպետեմբերի 22-ին ճակատամերձ զորամասի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է և սպանվել թշնամական դիրքի դիմացի տարածքում»։ Դիվերսիայի փորձի մասին հաղորդումները պաշտպանական գերատեսչությունում լիովին հերքում են։ Ադրբեջանի իշխանությունները դիմել են ԿԽԿՄ-ին, որպեսզի աջակցեն զոհված զինծառայողի մարմինն անվտանգ տեղափոխելու համար։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԱՀ ԶՈւ-ն նախօրեին փորձել էր դիվերսիոն հարձակում գործել Արցախի հետ շփման գծում։ Հակահարվածի հանդիպելով՝ ադրբեջանական ստորաբաժանումը վերադարձել է ելման դիրքեր՝ թողնելով մեկ սպանված զինվորի մարմին չեզոք գոտում։ Արցախի պաշտպանության նախարարությունն ունի կատարվածի տեսագրության կադրերը։