Ի՞նչ է պարզվել ՀՀ էներգահամակարգում հուլիսի 10-ի խոշոր վթարի ուսումնասիրությամբ
ՀՀ էներգահամակարգում 2019թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրման առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորված աշխատանքային խումբը մասնագիտական քննության արդյունքում պարզել է.
Վթարն առաջացել է 2019թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, իսկ էներգահամակարգն անցել է բնականոն ռեժիմի նույն օրը՝ ժամը 19:50-ին: Վթարի հետևանքով մարդու կայնքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ չկան:
12:45:43 Հրազդան 5-ի գազատուրբինային կայանքում «տուրբինի մուտքի վրա գազերի բարձր ջերմաստիճան» պաշտպանությունից կայանը, ըստ հերթականության՝ սկզբում գազատուրբինային գեներատորը, այնուհետեւ շոգետուրբինային կայանքը անջատվել են ցանցից: Քանի որ նախավթարային վիճակում Հրազդան 5 կայանի ռեակտիվ հզորության բեռնվածությունը կազմել է համակարգի կայանների գումարային ռեակտիվ հզորության 48.1%-ը, միեւնույն ժամանակ համակարգում բացակայել են համապատասխան քանակի կոմպենսացիոն սարքեր, ինչի հետեւանքով համակարգում առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս՝ էներգահամակարգի այլ կայանների կողմից համապատասխան ավտոմատ կարգավորման համակարգերի միջոցով ռեակտիվ հզորության անհրաժեշտ դեֆիցիտի լրացման բացակայության պարագայում բերել է գեներատորային հանգույցների լարումների զգալի անկմանը, կայանների հետագա անջատումներին եւ համակարգային վթարի զարգացմանը:
Տեխնիկական կանոնակարգերով, նորմերով, հրահանգներով եւ այլ իրավական ակտերով սահմանված տեխնիկական շահագործման եւ անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջների խախտումներ, շահագործման աշխատանքների թերություններ, նախագծի, էներգատեղակայանքների սարքվածքի, սարքավորումների պատրաստման, հավաքակցման ու կարգաբերման աշխատանքների թերություններ, ինչպես նաեւ վթարի վերացման ընթացքում անձնակազմի կողմից ոչ ճիշտ գործողություններ չեն բացահայտվել:
Համակարգն ավելի անվտանգ դարձնելու նպատակով հանձնարարվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի բոլոր ընկերությունների տնօրինություններին՝ պատահարը քննարկել եւ վերլուծել ողջ անձնակազմի հետ, օպերատիվ անձնակազմի հետ անցկացնել արտահերթ հրահանգավորում, կազմակերպել արտահերթ հակավթարային վարժանքներ: Միեւնույն ժամանակ քայլեր են ձեռնարկվել սեղմ ժամկետում 2018 թվականին մշակված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալիության եւ անվտանգության ցուցանիշները քննարկելու եւ հաստատելու ուղղությամբ:
Հիշեցնենք, հուլիսի 10-ին Operativ լրատվականը հաղորդել էր, որ ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում:
Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: