Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,
Հարգարժան քաղաքապետ Գարսեթի եւ քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,
Պատվավոր պետական այրեր,
Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր եւ տիկին Սոլիս,
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,
Գերաշնորհ հոգեւոր հայրեր,
Ձերդ Գերազանցություններ,
Ընտրյալ եւ առաջադրված պաշտոնյաներ,
Հարգելի հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,
Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու եւ մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:
Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից` ես կցանկանայի նաեւ իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին եւ Հիլդա Սոլիսին` հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, եւ ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության եւ Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։
Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին` մեզ հետ այսօր լինելու համար:
Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական եւ ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար:
Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին եւ կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական եւ փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային եւ մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:
Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող եւ օգտակար է:
Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:
Հաջորդ տարի մենք նշելու ենք Երեւանի եւ Լոս Անջելեսի միջեւ Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջեւ համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի եւ ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի` այս համագործակցությունը խթանելու եւ ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:
Այս այցի ընթացքում մենք եւս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆորնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարեւոր պայմանագրերի կնքման արարողությունը` ուղղված մեր առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:
Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային եւ ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու եւ այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երեւակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները եւ մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջեւ ավելի ինտենսիվ շփումների համար։
Կցանկանայի նաեւ հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆորնիա նահանգի եւ Լոս Անջելես քաղաքի իշխանություններին` այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության եւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաեւ մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին եւ այս գեղեցիկ քաղաքին:
Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆորնիայի հանձնախմբում, Հայաստանի եւ Արցախի հետ փոխադարձ առեւտրի կենտրոններում, արվեստի եւ մշակութային փոխանակման օջախներում, եւ իհարկե, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում:
Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ եւ համատեղ ջանքեր:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։
Ելույթներով են հանդես եկել նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։