Կալմիկները բացել են Բուդդայի ամենամեծ արձանը Եվրոպայում
Եվրոպայում Բուդդա Մայտրեակի ամենամեծ արձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի Կալմիկիայի մեծությամբ երկրորդ քաղաք Լագանիում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր «Լագան Դարգելինգ խուրուլ» խուրուլական համալիրի տարածքում կայացել է Եվրոպայում Բուդդա Մայտրեայի ամենամեծ արձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը: Դրա բարձրությունը 12.5 մետր է, քաշը՝ 30 տոննա: Բուդդա Մայտրեան ապագայի Բուդդան է, որը մեր աշխարհ կգա եւ կդառնա հաջորդ Բուդդան Բուդդա Շաքիամունիից հետո, եւ ինչպես Բուդդա Շաքիամունին, կշնորհի տառապանքներից ազատող ուսմունք»,-ասել են մամուլի ծառայությունում:
Արձանը ստեղծված է բոլոր կանոնների համաձայն. ներսում տեղադրված են հատուկ օծված նյութեր, աղոթքներով տեքստեր, սրբազան վայրերից բերված հող ու թանկարժեք հաբեր, որոնք խորհրդանշում են Բուդդայի մարմինը, խոսքն ու միտքը: Մամուլի ծառայությունում նշել են, որ արձանը ստեղծվել է հանրապետության բնակիչների եւ հավատացյալների նվիրատվությունների միջոցով:
Այժմ Կալմիկիայում կան շուրջ 40 խուրուլական համալիրներ, եւ ոչ մեծ տաճարներ կան գրեթե յուրաքանչյուր շրջանում: Հանրապետությունում նաեւ տեղակայված է Ռուսաստանում եւ Եվրոպայում խոշորագույն բուդդիստական տաճարը՝ «Բուդդա Շաքիամունիի ոսկե վանքը». այդ խուրուլը բացվել էր Էլիստում 2005 թվականի դեպտեմբերի 27-ին: Դրանում է գտնվում Բուդդա Շաքիամունիի Եվրոպայում ամենաբարձր՝ 9-մետրանոց արձանը, որը պատված է նրբաթերթ ոսկով: Դա նաեւ միակ բուդդիստական տաճարն է, որում կան Նալանդա հնագույն բուդդիստական համալսարանի մեծագույն գիտնականների բրոնզե արձանները, որոնք ստեղծվել էին դալայ լամա XIV-ի խորհրդով: