Անկախության տոնի առթիվ մի շարք միջոցառումներ են եղել նաև Մասիսում (Լուսանկարներ)
Թեև այս տարի Հայաստանի Անկախության 28-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները տեղի ունեցան Գյումրիում, այնուամենայնիվ Մասիս քաղաքում այդ օրը նույնպես նշվեց մեծ շուքով:
Միջոցառումը մեկնարկեց Մասիսի կենտրոնական հրապարակից՝ «Երկրապահ» կամավոականների միության անդամների, աշակերտների, ուսանողների, ուսուցիչների հետ տոնական քայլերթով: Քայլերթը առաջնորդում էին Երկրապահ» կամավոականների միության երիտասարդական կառույցի անդամները։ Քայլերթի վերջին կանգառը Ֆրանկոֆոնիայի բուլվարն էր, որտեղ «Երկրապահ» կամավորների միության երիտասարդ անդամները ներկայացան մարտական ցուցադրական համարներով:
Ֆրանկոֆոնիայի բուլվարում ներկայացված էր լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ Անկախության 28-ամյակին: Այն կազմակերպվել էր Մասիսի Գեղարվեստի դպրոցի եւ Մասիսի Երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին AFFA ընտանեկան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, Մեքսիկայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Էդուարդ Մալայանը, ՀՀ-ում Լյուքսեմբուրգի հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպության տնօրեն Սյուզան Ղարամյանը, «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, ֆրանսահայ մարզիկ Հայկ Հովհաննիսյանն ու «Երկրապահ» կամավորների միության անդամները:
Միջոցառման երկրորդ հատվածը սկսվեց Տերունական աղոթքով եւ Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Օրդոյանի շնորհավորական ելույթով, որից հետո AFFA ընտանեկան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Ադիբեկյանը շնորհավորեց բոլորին Անկախության տոնի կապակցությամբ եւ հայտնեց իր ցանկությունը քաղաքի զարգացման ծրագրերում մասիցիների ներգրավվածության մասին: Շնորհավորական խոսքով հանդես եկան նաեւ Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանն ու «Երկրապահ» կամավորների միության անդամ, Արցախյան պատերազմի մասնակից, վետերան Սեյրան Զաքարյանը: Բեմահարթակից ընթերցվեց նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձն՝ ուղղված մասիսցիներին:
Այնուհետեւ կայացավ համերգային շքեղ ծրագիր՝ ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանի մասնակցությամբ: «Տարոնցիներ» երգի-պարի համույթը ներկայացվ ազգային երգերով ու պարերով: Համերգային ծրագիրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:
Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումը կազմակերպվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի, Մասիսի երիտասարդական կենտրոնի ու Մասիսի ընտանեկան մարզահամալիրի կողմից AFFA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: