ԱՄՆ նախագահը բացահայտել է Զելենսկու հետ իր զրույցի մանրամասները եւ քննադատության տարափ է տեղացել ԶԼՄ-ների վրա
Ֆեյքային մամուլը եւ նրանց գործընկեր Դեմոկրատական կուսակցությունը ուզում են հնարավորինս հեռու մնալ Ջո Բայդենից, որը ուկրաինական կառավարությունից պահանջում է աշխատանքից ազատել իր որդու գործը քննող դատախազին, Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հակառակ դեպքում նրանք չեն ստանա ԱՄՆ-ի հսկայական քանակով փողերը։ Այսպիսով, նրանք կեղծել են իմ մասին պատմությունը, ու իմ եւ Ուկրաինայի նախագահի միջեւ բավական հիանալի ու սովորական զրույցում դա պարզվել է։ Չի ասվել այնպիսի բան, որը կարող էր սխալ լինել, մյուս կողմից՝ Բայդենի պահանջը եղել է լիակատար եւ բացարձակ աղետ։ Ֆեյքային լրատվամիջոցները գիտեն այդ մասին, սակայն չեն ուզում հայտնել»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կոչ էր արել Թրամփին հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա զրույցի մանրամասները։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը արդարադատության նախարարությանը մեղադրել է իրազեկչի բողոքը Կոնգրեսին փոխանցելուն խոչընդոտելու մեջ։ Դրանք իբր վերաբերում են Թրամփի եւ օտարերկրյա առաջնորդներից մեկի զրույցին։
The Washington Post-ը, որ առաջինն էր հայտնել այդ մասին, գրում է, թե, ըստ անանուն աղբյուրների, խոսքը Ուկրաինային է վերաբերում։ Լրատվամիջոցի տվյալների համաձայն, բողոքը ներկայացնելուց մի քանի շաբաթ առաջ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ բողոքի մեջ ասվում է Թրամփի «բազմաթիվ գործողությունների», եւ ոչ թե միայն արտասահմանյան առաջնորդի հետ հեռախոսազրույցի մասին։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հետախուզական միության գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնը հանձնաժողովին սեպտեմբերի 9-ի նամակում հայտնել էր, թե օգոստոսի 9-ին իրազեկչից ստացել է բողոք-նամակ, որը շտապ եւ համոզիչ է համարում՝ այն համապատասխանում է օրենսդրական նորմերին, ու կարծում է, որ պետք է փոխանցվի Կոնգրեսին։
Սակայն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերը, արդարադատության նախարարության հետ խորհրդակցելով, համարել է, որ բողոքը չի համապատասխանում «անհետաձգելի հարց» լինելու պահանջներին։
Շիֆը Թրամփի վարչակազմին մեղադրել է Կոնգրեսում հարցի հետաքննությունը արգելափակելու մեջ եւ ասել է, թե նախարարությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը՝ թույլ չտալով Մագուայերին հայտնել բողոքի մասին։
Թրամփը The Washington Post-ի տեղեկատվությունը «ֆեյքային նորություն» է անվանել։