Ֆինլանդիայում ֆերմեր կնոջը մեղադրել են Ռուսաստանից գայլեր ներկրելու մեջ
Հելսինկիի ոստիկանությանն է հանձնվել Ռուսաստանից Ֆինլանդիա անօրինական ճանապարհով գայլեր ներկրելու եւ գայլանման հիբրիդներ ստանալու գործի մասին նյութերը։ Դա Ֆինլանդիայում օրենքով արգելված է՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yle հեռուստաընկերությանը։
Գործը հետաքննվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ որպես կենդանիների պաշտպանության մասին օրենքի խախտում՝ առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներում, բնության պահպանության մասին օրենքի խախտում եւ կենդանիների մաքսանենգություն։ Առաջին հոդվածով մեղադրյալը կարող է 4 ամսից 4 տարվա կալանավորման դատապարտվել։
Հետաքննության տվյալներով, հանցագործությունը կատարվել է մի քանի՝ Լոպի, Կարկիլա, Օրիմատիլա, Վալիմաա բնակավայրերում՝ 2016-2019թթ․ ընկած ժամանակահատվածում։
Գործով գլխավոր կասկածյալը Ֆինլանդիայի բնակչուհի է, որը Լոպիում ֆերմայի սեփականատեր է, եւ հենց այնտեղ էլ իրականացվել է շների եւ գայլերի խաչասերումը։ Ընդհանուր առմամբ, գործով անցնում է ութ մարդ։
Լոպիում եւ մյուս քաղաքներում կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են գայլեր, շներ եւ այլ կենդանիներ, որոնք պահվում էին հակասանիտարական պայմաններում, առանց ջրի եւ կերի։