Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է իր մանասկցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին (Տեսանյութ)
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է իր մանասկցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը` մանրամասնելով, թե որտեղ է եղել դեպքի ժամանակ:
«Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»,-ասաց նա:
Տրդատ Սարգսյանն ասաց, որ իր տեղեկություններով վիճաբանության պատճառն այն է եղել, որ իր օգնականը բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպաների եւ, հավանաբար, փորձել է հանգստացնել:
Մարզպետն ինքն էլ չի կարող մեկնաբանել, թե ինչպես է իր օգնականը միայնակ նման ծանր վնասվածք հասցրել փոխգնդապետին:
Տրդատ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ միջադեպի բոլոր մեղավորները կպարզվեն եւ պատասխանատվության կենթարկվեն, անկախ նրանից, թե ովքեր են:
Մարզպետն ասաց, որ իր տեղեկություններով իր դեմ ցուցմունք են տվել` ասելով, որ ինքն էլ է մասնակցել միջադեպին. «Ցուցմունքներ են տվել, որ ես այնտեղ եմ եղել, պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել եւ էդ նույն հրաման տվողը նույնպես պետք է պատասխան տա: Կարծում եմ` փորձում են որեւէ կերպ ինձ ներգրավվեն, որպեսզի գործին հնչեղություն տան եւ չեմ կարող ասել` թե ինչ նպատակ ունեն»:
Մարզպետը չկարողացավ նշել, թե ով կարող էր նման հրահանգ տալ: Նա նշեց, որ գործի շրջանակներում հարցաքննվել է, ցուցմունք է տվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ իրենց բակի տեսախցիկները ստուգվեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:
Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:
Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է: