«Հրաժարականի ժամանակ չունենք». Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրին այսօր ուրախության, ցնծության մեջ է, ես հպարտանում եմ որպես Գյումրիի քաղաքապետ, որ այսքան հյուրեր ունեցանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ մոտ 15 հազար այցելու է ունեցել քաղաքն այսօր:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, նա ասել է, որ առաջին անգամ մեզնից է այդ մասին լսում. «Այսօր քաղաքն ենք սարքում, հրաժարականի ժամանակ չունենք: Մոտ 42 ծրագիր ենք իրականացնում: Այնպես որ առայժմ հրաժարականի ժամանակ չունենք»:
Նա խոսել է նաև Գյումրիի փողոցների ասֆալտապատման խնդրին՝ նշելով, որ այս պահին վերջին փողոցն է ասֆալտապատվում, շատ գեղեցիկ է ստացվել. «Ասֆալտապատման աշխատանքները կվերջացնենք երեւի սեպտեմբերի վերջին, կամ ամենաուշը հոկտեմբերի 15-ին: Կունենանք ասֆալտապատված փողոցներ նոր հենասյուներով, նոր լուսավորությամբ, գեղեցիկ կահավորված»:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մի օր անդամակցի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հաշվի առնելով, որ սերտ համագործակցում է իշխանությունների հետ, Բալասանյանը պատասխանել է, թե ինքն ապաքաղաքականացված քաղաքապետ է:
«Ճիշտն ասած, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ապաքաղաքականացված քաղաքապետ եմ և որևէ կուսակցության հետ կապված այդպիսի մտադրություն չունեմ: Ես անում եմ այն, ինչ անհրաժեշտ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանն իր կյանքի ընթացքում հասցրել է լինել ՕԵԿ-ի, ապա նաև ԲՀԿ-ի անդամ: Ավելին, ՕԵԿ-ի անդամ եղած ժամանակ նա հայտարարել էր, որ իր ճակատին գրված է «ՕԵԿ»: