«Իմ և Դավիթ Տոնոյանի կարծիքներն իրարից չեն տարբերվում». ԱԳ նախարարը՝ գերիների փոխանակման մասին
Մենք ունենք հարցերի ցանկը, որոնք կազմում են մեր զրույցների, երկխոսության, բանակցությունների օրակարգը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իր սպասվող հանդիպմանը:
«Բանակցությունները սահմանափակված չեն որեւէ հարցերով: Կան նաեւ հարցեր, որոնք շատ էական են եւ ընդգծում ենք բանակցային գործընթացի համար այն միջավայրը, որում իրականացվում է խաղաղ գործընթացը: Մեզ համար շատ էական նշանակություն ունի, թե ինչպես է անդրադառնում սա մեր հայրենակիցների վրա»,-ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ այդ հարցում իր եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքն իրարից չի տարբերվում:
Հիշեցնենք, որ նախօրեին Դավիթ Տոնոյանը չէր բացառել ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը հայ գերիների հետ, սակայն հավելել էր, որ որոշողը Ստեփանակերտը պետք է լինի:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում հայ գերիներին դիվերսանտների ու ահաբեկիչների փոխանակումը, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետեւ սա խիստ մարդասիրական է: Նրանք ոչ մի հանցագործություն չեն գործել, որը դուրս բերի նրանց մարդասիրական դաշտից: Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն է եւ նրանց վերադարձնելը: Ես խոսում եմ Արայիկ Ղազարյանի եւ Կարեն Ղազարյանի մասին»:
Նա հավելեց, որ չէր ցանկանա ասվածին նոր բան ավելացնել. «Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մի հարց է, որ բնականաբար մեր օարակրգում է: Բնականաբար, այդ հարցով ներգրավվածություն եւ քննարկում լինելու է»:
Կրկին Անդրադառնալով Մամեդյարովի հետ հանդիպման, ԱԳ նախարարն ասաց. «Մենք հիմա կենտրոնացած ենք գալիք հանդիպման վրա: Դրանից հետո կտեսնենք հաջորդ քայլերը: Այս փուլն անցնենք... հիմա անմիջապես որ ասեմ՝ մենք արդեն տեսնում ենք հաջորդ մեր քյալը ղեկավարների մակարդակով հանդիպման, մի քիչ շտապողականություն կլինի»:
Հիմա բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որը այսպես թե այնպես, տեղի է ունենալու, նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ կոչ արեց համբերատար լինել:
«Մենք ԱՄՆ-ի հետ ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում եւ ինչ հաճախականությամբ, եթե դատեք, թե ինչ հարթակ ստեղծեցինք երկխոսության, եւ ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք եւս մեկ այց պաշտպանության գծով: Ես Նյու Յորքում եւս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ էական է, որովհետեւ ԱՄՆ-ը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է:
Մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, նրա անվտանգությանը, եր երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին: Ես այստեղ վստահությամբ եմ ասում, որ աջակցությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից եւ քաղաքական առումով, եւ ֆինանսական առումով, շատ կարեւոր է»,-ասաց Մնացականյանը:
Նա նկատեց, որ ԱՄՆ-ը մի երկիր է, որ գլոբալ դերակատարություն ունի, աշխարհի կենտրոններից մեկն է, որի հետ մենք երկխոսություն ունենք եւ դա մեզ համար շատ գոհացուցիչ է:
«Այո, մենք մեր գործընկերների հետ ունենք տարբեր հարցր, ինչը բնական է, ամենակարեւոր, թե որքան կարող ենք եւ ունակ ենք որոշում ընդունողների մակարդակով կարողանալ գտնել այն լուծումները եւ առաջ տանել այն կարեւորը, որ մեզ է վերաբերում: Մենք բավարարված ենք ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ: Մենք դեֆիցիտ չունենք հասցնելու քննարկելու բոլոր առաջնային հարցերը»: