Էփշթեյնին մեղադրող կանանցից մեկը հայտարարել է, որ իրեն արքայազն Էնդրյուին են «վաճառել» մուլտիմիլիոնատիրոջ տանը
Ամերիկուհի Վիրջինիա Ժուֆրեն, որը ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով մեղադրող կողմերից մեկն է, հայտարարել է, որ արքայազն Էնդրյուի հետ ինտիմ կապ է ունեցել մուլտիմիլիոնատիրոջ լոնդոնյան տանը, երբ 17 տարեկան էր, հայտնում է BBC-ն:
Ամերիկյան հեռուստատեսության եթերով ելույթ ունենալիս Ժուֆրեն բրիտանացի արքայազնին անվանել է «բռնարար» եւ «հանցակից»՝ հայտարարելով, որ իրեն «վաճառել» են նրան:
Նա ավելի վաղ հայտնել էր, որ սեռական բռնության է ենթարկվել լոգասենյակում, որտեղ իրեն լուսանկարել են արքայազնի ներկայությամբ:
Ինքը՝ Յորքի դուքսը նախկինում հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ժուֆրեի հետ «որեւէ ձեւի սեռական կապ կամ հարաբերություն» չի ունեցել:
Վիրջինիա Ժուֆրեն մի քանի կանանցից մեկն է, որը մեղադրող է հանդես գալիս Ջեֆրի Էփշթեյնի գործով, որն օգոստոսին բանտում ինքնասպան էր եղել:
Ժուֆրեի խոսքով՝ իրեն «վարձել» էր Էփշթեյնի ընկերուհի Ժիսլեն Մաքսվելը, երբ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո ակումբի հանդերձարանում հերթապահ էր աշխատում: Ժուֆրեն հայտարարել է, որ Էփշթեյնն ավելի ուշ իրեն ստիպել է ինտիմ հարաբերություններ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, ներառյալ արքայազն Էնդրյուի հետ:
Հիշեցնենք,որ արքայազն Էնդրյուն ավելի վաղ հայտարարել էր, որ Էփշթեյնին հյուրընկալվելիս ոչ մի անգամ չի նկատել, որ մուլտիմիլիոնատերն իրեն անվայելուչ վարքագիծ թույլ տար կանանց հանդեպ եւ չի նկատել որեւէ բան, որը կարող էր վկայել գործողությունների մասին, որոնց մեջ նրան մեղադրում են: