«Հաղթանակած» նախաձեռնության «Անկախության մարաթոն»-ը Եռաբլուրում (Լուսանկարներ)
«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնության անդամները Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակների կապակցությամբ նախաձեռնած «Անկախության մարաթոն»-ի շրջանակներում սեպտեմբերի 20-ի երեկոյան երթ և մոմավառություն են իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախաձեռնության անդամները անկախության մարաթոնի մեկնարկը տվել են Ստեփանակերտում՝ սեպտեմբերի 2-ին, ապա շրջել Հայաստանի և Արցախի շուրջ 30 քաղաքներով, իսկ սեպտեմբերի 20-ին հասել են Երևան, որտեղ երթ են իրականացրել դեպի Եռաբլուր։
«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի եւ Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։