Քննարկում ԱԺ-ում. Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անտառների և վառելափայտի հետ կապված հարցերին::
Նա, մասնավորապես, գրել է.
«Համայնքներում կայացած վերջին հանդիպումների ընթացքում մարդիկ անընդհատ բարձրացնում են անտառների եւ վառելափայտի հետ կապված հարցեր։
Մեր հերթական քննարկումը այդ հարցերին է վերաբերում։
Անտառի շրթին ապրող մարդը անտառի մասին հոգ է տանում, մեկ միասնության մեջ ապրում անտառի հետ։
Մենք մի կողմից պետք է պահպանենք ու ավելացնենք անտառը, միաժամանակ հոգ տանելով անտառի մոտ ապրող մարդկանց ու համայնքների մասին։
Այս հարցը առաջիկայում կրկին կքննարկենք՝ ամբողջական լուծման համար։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին հրավիրված աշխատանքային նիստում քննարկել է անտառների պահպանության եւ անտառտնտեսությանն առնչվող հարցեր:
Հայաստանը դասվում է սակավ անտառային տարածքներ ունեցող երկրների շարքում: 2005 թվականին ընդունված «Անտառային օրենսգրքով» կարգավորվում են հանրապետության անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման եւ արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության եւ անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրել է ոլորտի առջեւ ծառացած խնդիրները, զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: Նրա հավաստմամբ՝ մինչեւ 2050 թվականը 21,1 տոկոսով պետք է ընդլայնվեն անտառային տարածքները: ՀԲ-ի աջակցությամբ համատեղ իրականացվելու է ուսումնասիրություն. գնահատվելու են այն տարածքները, որոնք ծառապատվելու են, հաշվառվելու են գյուղատնտեսության վնաս չպատճառող հողակտորները, գույքագրվելու է յուրաքանչյուր խնդիր, կկազմվի աշխատանքային հստակ ժամանակացույց:
Ըստ այդմ՝ առաջիկա 5 տարվա ընթացքում զարկ կտրվի տնկարանային տնտեսությանը. կկառուցվեն ժամանակակից տնկարաններ: Փոխնախարարը կարեւորել է բարձրագույն կրթությամբ մասնագետներ ունենալու հարցը: «Անտառապահների փոխարեն մեզ անհրաժեշտ են բուհ-ն ավարտած անտառագետներ, որոնք կդառնան անտառի վերաբերյալ առաջնային տեղեկատվության աղբյուրներ»,- նշել է Վարդան Մելիքյանը:
Կարեւոր է համարվել բնագավառի գործող օրենսդրության բարեփոխումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեեւ «Անտառային օրենսգրքի» պահանջ է, սակայն վերջին 15-20 տարվա ընթացքում անտառը դուրս է մնացել պետական հոգածությունից: Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը», ինչը հնարավորություն կտա ոլորտում իրականացնել համապարփակ լուծումներ:
Անդրադարձ է կատարվել նաեւ ապօրինի անտառահատումներին: Նշվել է, որ մի շարք տարածքներում տեղակայվել են ոստիկանական հենակետեր, որոնք իրականացնում են շուրջօրյա վերահսկողություն: Արդյունքում վառելափայտի գները բարձրացել են՝ մեկ խորանարդ մետրը 21 հազարի փոխարեն վաճառվում է 30 հազար դրամով:
Հաշվի առնելով, որ առջեւում ձմեռ է՝ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է սոցիալապես անապահով խավի համար նվազեցնել վառելափայտի գինը: Փոխնախարարի հավաստմամբ՝ նրանց տրվում է անտառային թափուկ: Անտառածածկ տարածքների պահպանման գործում Վարազդատ Կարապետյանը նաեւ առաջարկել է սահմանափակել արդյունաբերական նպատակով անտառանյութի օգտագործումը:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրացրել են բազմաթիվ հարցեր: Բնագավառին վերաբերող քննարկումները կլինեն շարունակական: