Հաբեթնակ Կուրղինյան․ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ պարտվեց Բերիանիձեն, երեւի քաշ գցելու հետ կապված էր խնդիրը, շուտ հոգնեց
Լեւան Բերիանիձեն հավասար գոտամերտում պարտվեց։ Դեռ հույս ունենք, որ նա կստանա բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկավ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն։ Նա որակավորման փուլում 2017 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։
Մինչեւ գոտեմարտի վերջին րոպեն Բերիանիձեն հաղթում էր 2։1 հաշվով, սակայն վերջին րոպում թույլ տվեց մրցակցին 2 միավորանոց հնարք կատարել եւ 1։3 հաշվով պարտվեց։
«Լեւան Բերիանիձեն հավասար գոտեմարտում պարտվեց։ Շատ լավ էր մեկնարկել, հաղթում էր 2։1 հաշվով, բայց վերջում անցում տվեց, պարտվեց։ Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, որ պարտվեց։ Երեւի քաշ գցելու հետ կապված էր խնդիրը, շուտ հոգնեց։ Մրցակիցը՝ լավ ըմբիշ էր։ Հնարավոր է, որ նա հասնի մինչեւ եզրափակիչ։ Վերեւի խմբում վրացի Գենո Պետրիաշվիլին է։ Խոցիանիվսկին նրան մեկ անգամ հաղթել է, հնարավոր է՝ կարողանա շրջանցել նրանց եւ դուրս գալ եզրափակիչ։ Եթե դուրս եկավ եզրափակիչ, Բերիանիձեն սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։
Հայաստանի հավաքականի կազմում վստահ հաղթանակով մեկնարկեց 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը եւ 1/16 եզրափակիչում 10։2 հաշվով հաղթեց լատվիացի Անդրիուս Մազեիկային։
Սակայն 1/8-րդ եզրափակիչում Կաջոյանը 4։10 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Վասիլի Միխայլովին։
Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից
Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։