Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին և Գուլիևին հանձնելու հարցը. Տոնոյան
Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր և քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։
Ինչպես պարզվեց, ինքը՝ Տոնոյանը, ըստ էության, չի բացառում Ասքերովին և Գուլիևին վերադարձնելը, թեև կտրականապես դեմ է «փոխանակում» տերմինին։ Պարզվեց նաև, որ Տոնոյանը տեղեկացված չէ հարցի վերաբերյալ Ստեփանակերտի բացասական դիրքորոշման մասին։ «Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։