Jamiroquai խումբն՝ իր երևանյան այցի մասին
Աշխարհահռչակ Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երեւանում կայանալիք իր առաջին համերգին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին:
«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջեւում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգեւորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երեւանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,-նշում են Jamiroquai-ի արտիստները:
Ի դեպ, Jamiroquai խմբի երեւանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։
«Գրեմմիի» դափնեկիր եւ «Բրիտս» մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել «Գինեսի» ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:
Jamiroquai-ի երեւանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:
Ի դեպ, համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը: Ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը: