Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընկերության հանդեպ օրենսդիրների և կարգավորողների մեղադրանքների ֆոնին
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընկերության հանդեպ օրենսդիրների և կարգավորողների մեղադրանքների ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Axios պարբերականին։
«Մարկը Վաշինգտոնում է, հանդիպում է քաղաքական գործիչների հետ, որպեսզի լսի նրանց մտահոգությունները եւ խոսի ինտերնետի ապագա կարգավորման մասին։ Նա նաեւ լավ, կառուցողական հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի հետ այսօր Սպիտակ տանը»,- տեղեկացնում է Axios-ը՝ հղում կատարելով Facebook-ի մամուլի ծառայության ներկայացուցչին։
Հինգշաբթի Ցուկերբերգը նաեւ փակ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն խնդրել էր փաստաթղթեր եւ ԱՄՆ չորս խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների ձայնագրությունները հակամենաշնորհային հետաքննության շրջանակում։ Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել է Facebook, Google, Apple եւ Amazon ընկերություններին։ Ընկերությունները պետք է տվյալներ ներկայացնեն, այդ թվում ղեկավարության էլեկտրոնային հաղորդագրությունները եւ հեռախոսազրույցների ձայնագրությունները 2019 թվականի հոկտեմբերի 14-ից ոչ ուշ։ Ղեկավար անձանց շրջանում, որոնց անհրաժեշտ կլինի տեղեկություն ներկայացնել, Google-ի հիմնադիրներն են՝ Սերգեյ Բրինը, Լարի Փեյջը, Էրիկ Շմիդտը, Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի ղեկավար Թիմ Քուկը եւ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը։
Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ մի շարք նահանգների գլխավոր դատախազները պատրաստվում են պաշտոնապես սկսել հակամենաշնորհային հետաքննություն Facebook-ի եւ Google-ի դեմ։