Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածները լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնեն.Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածները լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժի Իրանի «սպառնալից պահվածքը»: ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակման համար մեղադրում են Իրանին:
«Լայնամասշտաբ պատերազմ»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Զարիֆը՝ պատասխանելով Իրանի դեմ հարվածների հետեւանքների մասին հարցին:
«Ես մեր երկրի պաշտպանության համար շատ լուրջ հայտարարություն եմ անում: Ես լրջորեն հայտարարում եմ, որ մենք դեմ ենք ռազմական դիմակայությանը: Սակայն մենք առանց երկմտելու կպաշտպանենք մեր երկիրը»,- ասել է Զարիֆը՝ նշելով, որ ռազմական պատասխանը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:
Նավթի խոշորագույն արտադրող եւ արտահանող Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ին նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո 2 անգամ կրճատել է նավթի արդյունահանումը՝ օրական 5,7 մլն բարելով՝ մոտ 9,8 մլն բարել սովորական ցուցանիշից: Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարը սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ նավթի պաշարների օգտագործման շնորհիվ հաջողվել է նախկին մակարդակին հասենլ, իսկ կորցրած քանակը կիսով չափ վերականգնվել է:
Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ մարտնչում է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան, հայտարարել է, որ նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել իրենց գրոհայինները: ԱՄՆ պետքարտուղարը հարձակման համար մեղադրել է Իրանին: Իրանում բոլոր մեղադրանքները հերքում են: