Լուկաշենկոն ասել է, որ իր երեխաներին չի պատրաստում «իշխանության տարանցման»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի պատրաստում իր երեխաներին իշխանության տարանցման. երկրում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո պաշտոնները կպահպանեն այն պաշտոնյաները, որոնք «գիտեն աշխատել եւ երկրին օգուտ են բերում»։
«Ես գիտեմ, որ ձեզանից շատերի ու որոշ պաշտոնյաների գլխում մի միտք է. ընտրությունները եւ այլն, ինչպե՞ս կանցնեն դրանք, ո՞վ կաշխատի։ Հրապարակավ ձեզ պատասխանում եմ այդ հարցին. նա, ով այսօր աշխատում է եւ կանխատեսումներ կատարում, պլաններ գծում, երկրին օգուտ բերում, կաշխատի բնականաբար»,- ասել է Լուկաշենկոն հինգշաբթի, 2019 թվականի անցած ժամանակաշրջանի տնտեսության աշխատանքի հարցերի, տարվա եւ հնգամյակի գնահատականի, 2020 թվականի բյուջեի ու դրամավարկային քաղաքականության նախագծերի վերաբերյալ խորհրդակցությունում։
Նա նաեւ անդրադարձել է իշխանության տարանցման թեմային, որի մասին, նրա խոսքով, գրում են ինտերնետում։ «Երեխաներին սկսում են ջոկջկել։ Դե, ուրեմն լսեք, ոչ մի երեխա մի ջոկջկեք։ Իմ ոչ մի երեխա չի պատրաստվում իշխանության ոչ մի տարանցման։ Ինձ հետ կաշխատեն, ինչպես եւ նախկինում, միայն նրանք, ովքեր ուզում են աշխատել։ Եվ ով կարողանում է լսել ինձ ու կատարել իմ հանձնարարությունները»,- Լուկաշենկոյին մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։
«Եթե (վարչապետ Սերգեյ) Ռումասը եւ (աշխատակազմի ղեկավար Նատալյա) Կոչանովան, փոխվարչապետերն ու նախարարներն ինձ չեն լսի, ավելի լավ է հավաքեն պորտֆելներն ու հեռանան անմիջապես»,- ավելացրել է նա։
Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին, հանրապետության խորհրդինը (խորհրդարանի վերին պալատ)՝ նոյեմբերի 7-ին։ Նախագահական ընտրությունները երկրում տեղի կունենան 2020 թվականին։