Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել և նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի. Արշակյանի մեկնաբանությամբ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ՞ր Օսիպյանից որպես ոստիկանապետ (Տեսանյութ)
Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր լրագրողների հարցերին է պատասխանել Հակոբ Արշակյանը :
Նորմալ իրավիճակ է, երբ որ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում , և որոշում են բաժանվել։ Այսինքն, որոշվում է, որ պետք է չաշխատի այդ պաշտոնում, այսպես մեկնաբանեց նախօրեին տեղի ունեցած աղմկալի պաշտոնանկությունները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։
Հարցին, իսկ ինչպես կբացատրի նախարարը Նիկոլ Փաշինյանի՝ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու իր խորհրդական նշանակելը, եթե գոհ չէ նրա աշխատանքից, Արշակյանն ասաց. «Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ կան, և տարբեր պատասխանատվություններ, և այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել և նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»։
Արշակյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի բովանդակությունը, նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։
Նա նաև տեղեկացրեց, որ իշխող կուսակցությունում դեռևս չեն քննարկվել ուժային կառույցների ղեկավարների թեկնածությունները:
Հարցին, իսկ իրենից գոհ է իր գործատուն, Արշակյանը լակոնիկ պատասխան տվեց. «Հուսամ»։