Մեկնարկել է Yerevan Food Fest 2019 միջոցառումը
Մայրաքաղաքում երեկ` սեպտեմբերի 18-ին, պաշտոնապես մեկնարկեց Yerevan Food Fest 2019 միջոցառումը, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 22-ը: Այն Երեւանում անցկացվում է արդեն երրորդ տարին. միջոցառման նպատակն է աշխարհին ճանաչելի դարձնել հայկական խոհանոցն ու դրանով նպաստել նաեւ երկրի հայտնիությանը.
«Մեր միջոցառման առաջնային նպատակն է Երեւանը նույն շարքում դնել մեծ եւ զարգացած գաստրոնոմիկ երկրների կողքին, դարձնել այն կենտրոնը, որտեղ գալիս են լավագույն խոհարարները, առհասարակ, ոլորտի լավագույն մասնագետները: Երբ դու զարգացնում ես քո երկրի խոհանոցը, այն իր ետեւից նպաստում է նաեւ էկոնոմիկայի մի շարք ճյուղերի առաջընթացին, որոնցից մեկը գյուղատնտեսությունն է. առանց լավ մթերքի, չկա որեւէ լավ ռեստորան: Մեր խոհանոցը աշխարհին կարող է հայտնի դառնալ շնորհիվ հայկական ուտեստների եւ դրանց` նոր թրենդների հետ համատեղելիությանը: Երբ որեւէ երկրի ռեստորան աշխարհին հայտնի է դառնում, դա նպաստում է նաեւ տվյալ երկրում տուրիզմի զարգացմանը»,-այսօր` սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Yerevan Food Fest-ի հիմնադիր եւ տնօրեն Աննա Մազմանյանը:
«Շատ կարեւոր է նաեւ շեֆ-խոհարարի գործոնը, թե ով է ստեղծագործում տվյալ խոհանոցում: Գաստրոնոմիկ զարգացումը բարձրացնում է երկրի ընդհանուր ճանաչվածությունը»,- համոզված է նա:
Այս տարի փառատոնի շրջանակում չի լինի բացօթյա միջոցառում: Շեշտը դրվել է ֆորումների վրա, որոնց շրջանակում դասախոսություննրով հանդես կգան ոլորտի հայտնի մասնագետներ.
«Այս տարի մենք շատ հետաքրքիր հյուրեր ունենք` Լիբանանից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ռուսաստանից: Նրանք տարբեր ոլորտների մասնագետներ են` խոհարարներ, PR մենեջերներ, լրագրողներ, որոնք այստեղ հանդես կգան դասախոսություններով: Նրանցից յուրաքանչյուրը բավականին ճանաչված է իր երկրում, նրանց այստեղ գալն արդեն մեծ իրադարձություն է: Նրանք հազարավոր հետեւորդներ ունեն, որոնք կտեսնեն այն, ինչ կատարվելու է Yerevan Food Fest-ի շրջանակում»:
Աննա Մազմանյանի խոսքով` այսօր աշխարհը հստակ պատկերացում չունի հայկական խոհանոցի մասին.
«Հայկական խոհանոցի մասին պատկերացումները շատ խառն են` հաճախ ասում են` այս կամ այն ուտեստը պատկանում է վրացական կամ թուրքական խոհանոցին: Որպեսզի աշխարհին բացատրենք, թե ինչ է հայկական խոհանոցը, նախ` ինքներս պետք է դա հասկանանք: Պետք է նստել ու մի գիրք հավաքել այն մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում»: