2019 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու են ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացնել ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ:
Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ ռազմավարական զորավարժությունների նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում:
Ուսումնավարժական հավաքները և պարապմունքները կրում են ռազմավարական զորավարժությունների բնույթ:
Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները, վեր հանել զորահավաքային նախապատրաստության խնդրահարույց հարցեր, ինչպես նաև մշակել մեխանիզմներ՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
«Այս մասշտաբի զորավարժություն չենք ունեցել, բայց ամենակարեւորը, որ մեր միջազգային պարտավորությունների շրջանակում է՝ թվաքանակներիեւ ներգրավվող միջոցների առումով:
Մարտական ուսումնական հավաքներին ներգրավվող անձանց ընդամենը 6 տոկոսն է, որ ներգրավվելու է զորավարժություններին 3-5 օրով: Մնացած 94 տոկոսը ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ: Այդ 6 տոկոսը տեղեկացված է, սննդի եւ մյուս հարցերը լուծված են»,-ասաց նախարարը:
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Շատ մեծ մասշտաբային միջոցառում է նախապատրաստվում: Այդ օրերին մեր քաղաքացիները կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ եւ հույս ունենք, որ այն մարդիկ, որոնք օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաեւ պետք է ներգրավվեն: Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացին: Սա մեր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Սա պլանային աննախադեպ միջոցառում է»:
Փաշինյանը հավելեց, որ զորավարժություններում պետք է բացառել ֆորմալիզմը. «Իհարկե, պետք չի չափից ավելի լրջացնել, բայց պետք է պատշաճ վերաբերմունք եւ արձագանք լինի այս միջոցառումներին»: