Իրանի նախագահը կարող է չմասնակցել ՄԱԿ ԳՎ-ին վիզայի բացակայության պատճառով
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարող է չմասնակցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին, քանի որ մինչեւ այժմ վիզա չունի, տեղեկացրել են IRNA գործակալությունը եւ իրանական ԶԼՄ-ները՝ չնշելով տեղեկատվության աղբյուրները։
«Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն, ըստ պլանների, պետք է Նյու Յորք մեկներ ուրբաթ առավոտյան (սեպտեմբերի 20-ին), իսկ Իրանի նախագահը՝ սեպտեմբերի 23-ին։ Եթե մի քանի ժամ հետո վիզաներ չտրվեն, հնարավոր է, այցելությունները չեղարկվեն»,- տեղեկացրել է գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կնախընտրեր չհանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ ԳՎ շրջանակում։
Ռոհանիի Նյու Յորք այցելության հնարավոր չեղարկման մասին հաղորդումները եւ Թրամփի խոսքերը ի հայտ են եկել Իրանի հասցեին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների մասին ԱՄՆ մեղադրանքների համատեքստում։