Ծեծկռտուք Վայոց Ձորում. ՊՆ սպան ծանր ախտորոշմամբ հիվանդանոցում է. կասկածյալների մեջ է նաեւ մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մ.-ն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա եւ կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առեւտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ իր աշխատանքային մի քանի գործընկերների միջեւ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Արա. Մ.-ն եւ նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետեւանքով:
Վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաեւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց եւ ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել եւ վիճաբանությունը շարունակվել է:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: