ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում:
Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի աշխատանքը գնահատելու եւ իրականացված փոփոխություններն արժեվորելու համար, շնորհակալություն համակարգի ողջ անձնակազմին՝ շարքայինից մինչեւ գեներալ, շնորհակալություն ոստիկանության զորքերին, շնորհակալություն ոստիկանության պետին կից հասարակական խորհրդին, ԶԼՄ-ներին՝ պետության համար բարդ եւ պատասխանատու փուլում մեր կողքին կանգնելու համար:
Շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ երկար ու դժվար ճանապարհ եմ անցել մեր ազնիվ ծառայությունն իրականացնելու գործում: Մաղթում եմ բոլորին բարի ու անձնվեր ծառայություն, անսասան հավատարմություն սպայի պատվին ու արժանապատվությանը, որոշում կայացնելու վճռականություն եւ պատրաստակամություն:
Շնորհակալ եմ բոլորին պրոֆեսիոնալ եւ անմնացորդ ծառայության համար:
Պատիվ ունեմ»:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այնուհետև Operativ լրատվականը հաղորդեց, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկը ներկայացրել ՀՀ նախագահին:
«Ինտերֆաքս»-ը գրել էր, թե՝ Ոստիկանության ղեկավարը հրաժարական է տվել Փաշինյանի հետ կոնֆլիկտից հետո:
Operativ լրատվականն էլ Մամուլ բաժնում հաղորդել էր, որ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ:
Քիշ ուշ նաև հաղորդել էինք, որ Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը: