2001 թ. սեպտեմբերի 24-ին Երևանի «Առագաստ» սրճարանում սպանվել է Պողոս Պողոսյանը. Նա սպանվել է այն ժամանակ գործող նախագահ Ռ. Քոչարյանի թիկնապահների կողմից՝ ծեծի հետևանքով. Պողոս Պողոսյանի եղբորորդի (Տեսանյութ)
2001 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանի «Առագաստ» սրճարանում սպանվել է Պողոս Պողոսյանը։ Նա սպանվել է այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից՝ ծեծի հետևանքով։ Ականատեսների վկայությամբ՝ ծեծի պատճառ էր դարձել Պողոս Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի ձևը՝ հայտին «Պրիվետ, Ռոբ»-ը։ Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ՝ ծեծին մասնակցել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի գործով դատարանը ներկայացրեց մեղադրանք, որին դատապարտեց մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ «Անզգույշ սպանություն» հոդվածով։ Դատավճիռն առաջացրեց հանրության և մարդու իրավունքների միջազգային որոշ կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին Քոչարյանին՝ հանցագործներին հովանավորելու մեջ։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հրապարակել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը, ըստ որի՝ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվի, և նա կշարունակի մնալ անազատության մեջ։ Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին Պողոս Պողոսյանի եղբորորդի Սամվել Պողոսյանը պատասխանեց․ «Այսօր Քոչարյանի կողմնակիցներն ասում են, որ Քոչարյանի ձեռքով ոչ ոք չի սպանվել։ Մարտի 1-ի գործով ինչո՞ւ են նրա դեմ քրեական հետապնդում իրականացնում։ Որպես պատմաբան՝ մի օրինակ բերեմ։ Ժամանակին Թալեաթին և նրա շրջապատի համար ասում էին, որ նրանք ոչ մեկին չեն սպանել։ Հայոց ցեղասպանության ժամանակ մեկուկես միլիոն հայ էր սպանվել, բայց նրանց Թալեաթը չէր սպանել, Էնվերը չէր սպանել, Ջեմալը չէր սպանել, և միջազգային օրենք գոյություն չուներ, որ կպատժեր հենց այդ հրաման տվողներին։ Այդ պատճառով ժամանակին Ռաֆայել Լեմկինը ստեղծեց ցեղասպանության մասին կոնվենցիան, որպեսզի պատժեն հենց այդ հրաման տվողներին, և կանխել նման հանցագործությունները։ Եթե հանցագործությունը չի կանխվում, ապա դա ստեղծում է նոր հանցագործության համար բարենպաստ միջավայր։ Հիմա՝ Մարտի 1-ը կլինի, Պողոս Պողոսյանի գործը կլինի, թե մեկ այլ գործ, որոնք իրականացվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, շատ քչերն են հավատում, որ դրանք իրականացվել են առանց նրա իմացության։ Առանց նրա հրամանի՝ նման գործողություններ չէին կարող իրականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։