Նախիջևանում մարդ չի մնացել. Ադրբեջանի բնակիչները փորձում են գոյատևել Թուրքիայում (Տեսանյութ)
Թուրքիա աշխատելու մեկնած ադրբեջանցիները դժգոհում են կյանքի ծանր պայմաններից, բայց վերադառնալ չեն ցանկանում։ Այս մասին է meydan.tv-ի ռեպորտաժը։
Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանում շատ ադրբեջանցիներ են ապրում։ Նրանք այստեղ են եկել աշխատելու և հիմնականում նախիջևանցիներ են։ Զոդող Ռամիզ Ֆարզալիևն ասում է, որ Նախիջևանում մարդ չի մնացել։ «Ոչ միայն Նախիջևանում, այլև ամբողջ Ադրբեջանում»,- ճշտում է Ֆարզալիևը։ «Գուցե Իլհամ Ալիևը տեսնի մեզ և խղճա»,- ասում է Ֆարզալիևը՝ ցուցադրելով սպիապատ ձեռքերը։
Թուրքիայում ադրբեջանցիները հիմնականում աշխատում են կարի ֆաբրիկաներում և շինարարական ոլորտում։ Ստանում են նվազագույնից ցածր աշխատավարձ։ Եթե Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 2 հազար լիրա (մոտ 550 դոլար), ադրբեջանցիները կարող են ամսական 1000-1200 լիրայի հույս ունենալ։
Դեղագործ Ասիֆ Օրուջևը Թուրքիա աշխատելու է եկել, երբ հայրենիքում մասնավորեցրել են այն ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, և նա կորցրել է աշխատանքը։ Նա արդեն 14 տարի Թուրքիայում է։
Թուրքիայում աշխատելու համար ամեն ամիս պետք է վիզա ստանալ։ Բայց ադրբեջանցիներն ասում են, որ աշխատավարձի կեսը ծախսվում է փաստաթղթերի և ճանապարհի վրա։ Աշխատանքի թույլտվություն չունենալու տուգանքը 330 լիրա է (մոտ 70 դոլար)։ Բայց կան նաև այնպիսիները, որոնք աշխատում են առանց թույլտվության։ Նրանք չեն կարող օգտվել ոչ մի սոցիալական, բժշկական ծառայությունից։ Երեխաները չեն կարող կրթություն ստանալ։
«Երեխաներն աշխատում են։ Իսկ հնարավո՞ր է արդյոք աշխատել և սովորել։ Կան այնպիսիները, որոնք անգամ տառաճանաչ չեն»,- ասում է Ասիֆ Օրուջևը։
Մաթանաթ Հուսեյնովան Թուրքիա է եկել 17 տարի առաջ։ Ընտանիքն ապրում է կիսանկուղային շինությունում և ուրախ է, որ գոնե պատուհան կա, որից արևի լույսն է ներս ընկնում։ Ծանոթներից ոմանք դա էլ չունեն։ Հուսեյնովան ասում է, որ կվերադառնար հայրենիք, եթե աշխատանք լիներ։ Թուրքիայում կյանքը հեշտ չէ, ոչինչ չի ստացվում հետ գցել, բոլոր եկամուտները գնում են վարձին և ուտելիքին, ասում է Հուսեյնովան։
Ադրբեջանցիներն ասում են, որ Թուրքիայում էլ են վատ ապրում։ Բայց այստեղ նրանք գոնե կարող են գոյատևել։