Խոշոր վթար Աշտարակում. BMW-ն բախվել է խանութի պատին և շրջվել. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 05։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Զազյանը իր վարած BMW մակնիշի 29 XX 299 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 132 հասցեում գտնվող խանութի պատի մոտ, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Զազյանն ու նրա ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գագիկ Պռոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել և սահմանազատել տարածքը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի