ԱՄՆ էներգետիկայի նախարարը Իրանին մեղադրել է «Սաուդյան Արաբիայի վրա հարձակման» մեջ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին Իրանին մեղադրել է «Սաուդյան Արաբիայի վրա հարձակման» մեջ, փոխանցում է AP-ն:
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համաժողովում ելույթ ունենալիս Փերրին հայտարարել է, որ «այդպիսի պահվածքն անթույլատրելի է», եւ որ Իրանը «պետք է պատասխանատվության ենթարկվի»: «Մի՛ մոլորվեք, դա կանխամտածված հարձակում էր համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա»:
Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը, եթե այն ԱՄՆ-ին անհրաժեշտ լինի, եւ որ անհրաժեշտության դեպքում իր «դեպարտամենտը պատրաստ» է գործել:
Փերրին հավելել է, որ «չնայած Իրանի չարամիտ ջանքերին, մենք վստահ ենք, որ շուկան կայուն է»:
Հիշեցնենք, որ շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:
ԱՄՆ-ն հարձակման մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը ԱՄՆ հայտարարություններն անհիմն է համարում: