General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ գործադուլ են սկսել
General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ, որոնք ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված պրոֆմիության (United Auto Workers, UAW) անդամներ են, երկուշաբթի լույս գիշերը գործադուլ են սկսել: Associated Press գործակալությունը հայտնում է, որ պրոֆմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ բանակցությունների տապալումից հետո:
Գործակալության տեղեկություններով՝ աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել կազմակերպված նստացույցին:
AP-ն հայտնում է, որ կոնցեռնի հետ միավորման հավաքական պայմանագրի ժամկետը լրացել է շաբաթ երեկոյան: Կիրակի գործարանների մոտ 200 ղեկավարներ միաձայն քվեարկել են գործադուլի օգտին այն դեպքում, եթե երեկոյան կողմերը համաձայնության չհասնեն: Երկուշաբթի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով ԱՄՆ 9 նահանգներում 33 գործարան է փակվել, ինչպես նաեւ պահեստամասերի բաշխման 22 ձեռնարկություն:
«Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի օգտին, մենք հանդես ենք գալիս տանելի որակով առողջապահության օգտին եւ [ընկերության] շահույթի մեր բաժնի օգտին»,- հայտարարել է պրոֆմիության փոխնախագահ Թերի Դիթսը: General Motors ընկերության ղեկավարության պնդմամբ՝ իրենք աշխատակիցներին առաջարկել են աշխատավարձի բարձրացում, բժշկական արտոնություններ եւ 7 մլրդ դոլարի ներդրումներ, որոնց միջոցով կստեղծվեն 5,4 հազար նոր աշխատատեղեր: