Թրամփը հայտնել է, որ պատրաստ չէ Իրանի ղեկավարությանը հանդիպել առանց նախապայմանների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականությանը չհամապատասխանող է անվանել այն տեղեկությունը, որ ինքը պատրաստ է Իրանի ղեկավարությանը հանդիպել առանց որեւէ նախնական պայմանների: Նա այս մասին հաղորդագրությունը կիրակի տեղադրել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ТАСС-ը:
«Ստախոս լրատվամիջոցներն ասում են, որ ես պատրաստ եմ Իրանի հետ հանդիպել «առանց նախնական պայմանների»: Դա սխալ պնդում է (ինչպես մի՛շտ)»,- հայտարարել է նա:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հնարավոր էր համարել Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը սեպտեմբերի վերջին ՄԱԿ ԳՎ ընդհանուր քաղաքական երկխոսությունների շրջանակում: Երեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է Իրանի ղեկավարության հետ հանդիպել առանց նախապայմանների, սակայն հավատարիմ է Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությանը:
Չորեքշաբթի Bloomberg գործակալությունը, աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ երկուշաբթի Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը մեղմելու գաղափարը՝ սեպտեմբերի վերջին Ռոհանիի հետ իր հանդիպմանը նպաստելու համար, իսկ Ջոն Բոլթոնը, որն ավելի ուշ պաշտոնանկ էր արվել պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից, կտրուկ դեմ էր արտահայտվել: