Ստամբուլում հարձակման ու ծեծի է ենթարկվել 80-ամյա հայ կին
Թուրքական «Բիանեթ» կայքը, հղում տալով «Ակոս»-ին, տեղեկացնում է, որ Ստամբուլի հայաշատ Ֆերիքոյ թաղամասի իր բնակարանում հարձակման է ենթարկվել 80-ամյա հայ մի կին՝ Մարգարիտ Ջամքոսօղլուն: Տուժողը պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից տուն վերադառնալիս նկատել, թե ինչպես է միջին հասակի անծանոթ մի տղամարդ աստիճաններին կանգնած սպասում: Ուշադրություն չի դարձրել: Եվ երբ Մարգարիտը բացել է իր բնակարանի դուռը, նշյալ անձը թիկունքից հարվածել է ու գետնել նրան, այնուհետև վրա հասել ու սկսել հարվածել գլխին:
«Ջանում էր սպանել ինձ: Ոչինչ չէր խոսում: Սեղանի վրա պայուսակս էր: Վերցրեց ու դուրս վազեց: 50 տարի ապրում եմ այստեղ, բայց նման բան ինձ հետ չէր պատահել»,- ասել է Մարգարիտ Ջամքոսօղլուն:
Հարևանները ենթադրում են, որ հանցագործն այնպիսի մեկն է, ով լավ տեղյակ է այդ տան անցուդարձից, միայնակ ապրող կնոջ ելումուտից:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին և տարեսկզբին հարձակումների, բռնության ու ծեծի էին ենթարկվում Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի տարեց հայ կանայք: Նրանցից 4-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին, ով դատարանում պնդում է, որ այդ սպանությունն ինքը չի կատարել: Բժշկական ստուգում անցած Մուրադ Նազարյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա: