ԿՀՎ-ն փորձել է օգտագործել կատուներին, շներին և դելֆիններին լրտեսության համար
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մասնագետները XX դարի երկրորդ կեսին փորձել են սովորեցնել կենդանիների տարբեր տեսակների ներկայացուցիչներին լրտեսական գործունեության, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Der Standard ավստրիական պարբերականին, որի մոտ հայտնվել են գաղտնազերծված փաստաթղթերը:
Մասնավորապես, ենթադրվել է կատուներից պատրաստել հնարավոր գաղտնալսող սարքեր: Հետազոտողներն աշխատել են նաեւ շների հետ՝ նրանց ուղեղում իմպլանտներ ներդնելով տեղեկանալու, թե հնարավոր է արդյոք կառավարել կենդանիներին հեռավորության վրա:
Բացի այդ, ԿՀՎ-ը մեծ հույսեր էր կապում դելֆինների հետ: Այսպես, Oxygas եւ Chirilogy նախագծերը ենթադրում էին, որ այդ կաթնասունների ներգրավումը կօգնի ավելին իմանալ Խորհրդային Միությունում ատոմային սուզանավերի ծրագրի մասին:
Բացի այդ, փորձագետները հետաքրքրվել են՝ կարող են արդյոք կաթնասունները փոխարինել ջրասույզներին եւ նավին պայթուցիկ հասցնել:
ԱՄՆ-ի հետախուզության ծրագրերում կար նաեւ թռչուններին սովորեցնելու նախագիծը՝ ըստ գաղտնազերծված փաստաթղթերի: Այսպես, սառը պատերազմի տարիներին թռչնաբանները պետք է ճշտեին, թե չվող թռչուններից որոնք են միգրացիայի ժամանակ կանգ առնում Շիխանում, որտեղ ստեղծվել է խորհրդային քիմիական զենքը: Թռչունների օրգանիզմում առկա հետքերի միջոցով ԿՀՎ-ը հույս ուներ տեղեկանալ, թե հատկապես ինչպիսի նյութեր են մշակվում Շիխանում:
1970-ականների ԿՀՎ-ի Axiolite նախագիծը ենթադրում էր թռչուններին օգտագործել խորհրդային զենիթահրթիռային համալիրների գաղտնի լուսանկարները ստանալու համար: Որպես փոքր տեսախցիկներ կրողներ դիտարկվում էին բազեներն ու ագռավները, սակայն մասնագետները փորձարկել են նաեւ բվեճների եւ կակադուների հետ: