Սերգեյ Սմբատյանը` նոր պաշտոնի և առաջիա ծրագրերի մասին (Լուսանկարներ)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Այս պաշտոնում առաջին անգամ մաեստրո Սմբատյանը մալթյան նվագախմբի հետ բեմ բարձրացավ սեպտեմբերի 14-ին։ Համերգից առաջ պարոն Սմբատյանը պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին։
- Մաեստրո, նախ` շնորհավորում եմ` Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ: Որքանո՞վ էր սպասված Ձեզ համար այդ կոչումը:
- Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության շատ լավ փորձ ունենք. Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում համատեղ համերգներ ենք ունեցել։ Չեմ կարող ասել, թե սպասում էի, բայց եղավ առաջարկ, եւ վերջին ամիսներին քննարկումներ էին ընթանում։ Արտիստի, դիրիժորի կյանքում նման առաջարկները միշտ պարտավորեցնող են։
- Այս պաշտոնում առաջին անգամ Վալետայում հանդես կգաք Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերայով: Ինչպե՞ս է անցնում համագործակցությունը նվագախմբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:
- Ստրավինսկու «Սրբազան գարունը» համարվում է նվագախմբային երկացանկի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը։ Եվ իհարկե, այս մեծակտավ գործի մալթյան պրեմիերան ղեկավարելը, համերգաշրջանի բացմանը ներկայացնելը որպես նվագախմբի գլխավոր դիրիժոր հաճելի է, բայց նաեւ դժվար։ Շատ ուրախ եմ, որ տոմսերն արդեն մի քանի օր է, ինչ սպառվել են։ Սա նշանակում է, որ մարդիկ ցանկանում են լսել նոր երաժշտություն։
- Իսկ գուցե համերգի տոմսերը սպառվել են նաեւ նրա համար, որ Մալթայի երաժշտասերները ցանկանում են ունկնդրել իրենց նվագախմբի նոր գլխավոր դիրիժորի՞ն։
- Հաճելի է նման կարծիք լսել։ Հուսամ՝ այդպես է, եւ մարդկանց հետաքրքրում է տեսնել, թե ով է լինելու իրենց նվագախմբի դիրիժորը։
Առավել մանրամասն ՝ սկզբնաղբյուր հոդվածում: