Աշխարհում չճանաչված պետություն Արցախը բարձր ցուցանիշ արձանագրեց. կարևոր մեկնարկ՝ 2020-ին ընդառաջ
Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները թե՛ դիտորդական առաքելությունների և թե՛ գործընթացին հետևող հասարակական-քաղաքական գործիչների կարծիքով՝ աննախադեպ լավ կազմակերպված էին և աչքի են ընկել իրենց թափանցիկությամբ ու բարձր որակով։ Տարբերությունը նաև նոր ու թարմ դեմքերի մասնակցությունն էր, ասպարեզ են գալիս նոր մարդիկ, և սա սերունդների յուրատեսակ հեղափոխություն է:
«Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության ղարաբաղյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծել է՝ այս ընտրություններն արցախցիների համար յուրահատուկ նշանակություն ունեն. «Նրանց համար դա ոչ միայն քվեարկության գործընթաց էր և նոր սերնդի ղեկավարների ընտրություն, այլ հասարակության կամքի արտացոլումն էր ժողովրդավարական պետություն ստեղծելու համար։ Այդ կոնտեքստում Արցախի ընտրությունները մշտապես տարբերվել են իրենց ժողովրդավարությամբ՝ հետխորհրդային մյուս երկրների հետ համեմատած, ընդ որում՝ ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված պետություններից»։
Այս ընտրություններն, ըստ Օհանջանյանի, բացառություն չէին. «Դրանք դարձան շատ վառ ապացույց ժողովրդավարության կառուցման հարցում և ցույց տվեցին ամբողջ ժողովրդի, այդ թվում՝ իշխանության կամքի արտացոլումը՝ երկիրը դարձնել էլ ավելի ժողովրդավար, գրավիչ և հարմարավետ Արցախի բնակիչների ապրելու համար»։
Մեր զրուցակիցը նշեց՝ իրենց կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել և իր հսկայական, ամբողջ աշխարհում դիտորդական առաքելություն իրականացնելու փորձից ելնելով՝ պնդում է, որ նախորդ ընտրությունները եզակի էին և Արցախում անցկացված բոլոր ընտրություններից ավելի ժողովրդավար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: