Թոմաս Ն՛Էվերգրինը հայ աստղերի հետ՝ Yerevan Music Night բացօթյա համերգին (Տեսանյութ)
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Կամի» ակումբը կազմակերպել էր Yerevan Music Night երաժշտական միջոցառումը, որն ինչպես հաղորդավար Արման Մարգարյանը նշեց` ազդարարում է երաժշտական աշնան սկիզբը:
Երեկ` սեպտեմբերի 14-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացած համերգը մեկնարկել էր դեռևս ժամը 16:00-ին և ավարտվեց համաշխարհային հիթով ու հրավառութամբ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան դիջեյներ և հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչներ` Achilla-ն, Դեր Հովան, Սոֆի Մխեյանը, Kami Friends Project-ը, Սրբուկը, Սոնան ու Գարիկը և Արամ MP3-ը:
«Այսօր բոլորս խենթ ենք»,-արձանագրեց Սրբուկը, որն իր էներգետիկայով վարակեց հանդիսասին, Սոֆին ստիպեց պարել իր ամենավաղ հիթերից մի քանիսի ներքո, իսկ Գարիկը նկատեց.
«Հիշում եմ, որ Yerevan Music Night-ը սկզբում անցկացվեց որպես համերգ, իսկ այսօր այն վերածվել է ավանդույթի, ինչի համար ես շատ ուրախ եմ»:
Էներգիա, ռիթմեր, սիրված հիթեր, քավրներ ու պրեմիերաներ... Երեւանի կենտրոնը պարում էր, երգում ու վայելում աշնանային զով երեկոն: Իսկ երեկոյի գլխավոր հյուրը դանիացի հայտնի երգիչ Թոմաս Ն՛Էվերգրինն էր:
Նյութի աղբյուրը՝ News.am Stile