Ահա թե ու՞մ թեկնածությունն են առաջադրել Նոբելյան մրցանակի՝ Ամազոնիայի անտառների պահպանման համար (լուսանկարներ)
Բրազիլացի մարդաբանների եւ բնապահպանների խումբը հնդկացիական կայապո ցեղի առաջնորդ Ռաոնի Մետուկտիրեի թեկնածությունն առաջադրել է 2020թ․ Նոբելյան մրցանակի՝ Ամազոնիայի անտառների պահպանման բազմամյա աշխատանքի համար, հայտնում է Reuters-ը։
Ռաոնին, որը վառ անհատականություն է Ամազոնիայում, նաեւ իր արտաքին տեսքի համար՝ նրա շուրթի մեջ ափսե կա, կրում է վառ դեղին հագուստ եւ ականջօղեր, աշխարհին հայտնի է դարձել 1980-ականներին, երբ երգիչ Սթինգի հետ միասին մասնակցում էր բնապահպանական քարոզչությանը։
89-ամյա Ռաոնին կրկին իրեն լսելի է դարձրել այս տարի, երբ օգնություն էր խնդրել Ամազոնիայի անտառային հրդեհների ժամանակ, եւ դրանում մեղադրել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին։
Այս տարի Բրազիլիայի առաջին մարդաբան Դարսի Ռիբեյրոյի անվան հիմնադրամը պաշտոնապես Ռաոնիի թեկնածությունն առաջադրել է Նոբելյան մրցանակի համար։
Հիմնադրամը նաեւ նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով սատարել առաջնորդի թեկնածությունը։
Նշվում է, որ այս տարի Ռաոնին արդեն երկու անգամ հանդիպել է Մակրոնի հետ։