ԱՄՆ-ը եւ Բրազիլիան Ամազոնիայի անտառների պահպանության նպատակով ներդրումային հիմնադրամ կստեղծեն
Ամազոնիայի անտառների կենսաբանական բազմազանության պահպանության նպատակով ԱՄՆ-ը եւ Բրազիլիան 100 մլն դոլար բյուջեով ներդրումային հիմնադրամ կստեղծեն։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Բրազիլիայի ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուի հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է DW-ը։
Ծրագրվում է, որ այս հիմնադրամը կկառավարվի մասնավոր բիզնեսի կողմից։
Բրազիլական INPE պետական տիեզերական կենտրոնի օգոստոսի վերջի տվյալներով, 2019թ․ սկզբից Բրազիլիայում գրանցվել է անտառային հրդեհների մոտ 80 000 օջախ։ Դա 83 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Որոշ փորձագետներ Ամազոնիայի անձրեւային անտառներում հաճախացած հրդեհների պատճառը կապում են գյուղատնտեսական կարիքների համար անտառահատման հետ։
Պոմպեոյի հետ հանդիպումից հետո բրազիլական դիվանագիտության ղեկավար Արաուժուն Վաշինգտոնում հայտարարել է, որ Ամազոնիայի անտառների պահպանման գործում ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է, քան եվրոպացիների առաջարկածը։
Ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսին կայացած G7-ի գագաթաժողովի ժամանակ «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել էին 20 մլն եվրո տրամադրել Ամազոնիայի անտառներում հրդեհների դեմ պայքարի համար։ Ծրագրվում էր, որ այդ միջոցները կծախսվեն առաջին հերթին հրշեջ ինքնաթիռների ֆինանսավորման նպատակով։ Սակայն նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրաժարվել էր ընդունել օգնությունը։ Բրազիլացի առաջնորդի դժգոհության պատճառը եղել է, մասնավորապես, այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր Ամազոնիայի անտառների հրդեհները դիտարկել որպես միջազգային խնդիր։