Եվրախորհրդարանն Էրդողանին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումները թուրքական ընդդիմության հանդեպ
Եվրոպական խորհրդարանը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որով կոչ է արել նրան դադարեցնել հետապնդել երկրի ընդդիմությանը։
«Օգոստոսի 19-ին իշխանությունները պաշտոններից հեռացրին Դիարբեքիր (Ադնան Սելջուք Միզրաքլի), Մարդին (Սհմեթ Թյուրք) եւ Վան (Բեդիա Օզգեքցե Էրթան) քաղաքների քաղաքապետերին եւ նրանց փոխարինեցին կառավարության նշանակած նահանգապետերով։ Ընտրված պաշտոնական անձինք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն տարածելու եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ։ Դրանք կեղծ մեղադրանքներ են։ Մինչեւ այժմ իշխանություններն իրենց հայտարարությունների որեւէ վկայություն չեն ներկայացրել»,- ասվում է Եվրախորհրդարանի նամակում։
Ինչպես նշվում է նամակում, թվում է, թե այդ մեղադրանքները քաղաքապետերի հանդեպ, որոնք ներկայացնում են թուրքական ընդդիմությունը, առաջադրվել են այն պատճառով, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում ընդունել տեղական ընտրությունների արդյունքները, որոնցով վերոնշյալ քաղաքներում հաղթել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը։
«Արդեն այդ նահանգներում ընտրարշավի ժամանակ, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, կային նշաններն այն բանի, որ նախագահ Էրդողանը չի ընդունի Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության հնարավոր հաջողությունը։ Մենք՝ Եվրախորհրդարանի անդամներս, դիմում ենք Ձեզ, որ չափազանց մտահոգ ենք վերջին իրադարձությունների առիթով»-, նշվում է դիմումում։
«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցությունների եւ քաղաքական խմբերի ներկայացուցիչներս, ամուր կանգնած ենք դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում եւ ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել Թուրքիայում բռնաճնշումներից տուժած գործընկերներին։ Մենք կոչ ենք անում Ձեզ, թուրքական կառավարություն, դադարեցնել բռնաճնշումները Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հանդեպ, ընդունել տեղական ընտրությունների արդյունքները եւ ձեռնպահ մնալ հերթական բռնաճնշումներից Թուրքիայում ընդդիմության հանդեպ»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի նամակում։