Սևանում աննախադեպ հրավառություն է լինելու. Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտանիքներով հրավիրեց
Անցած տարվա համեմատ մենք ունենք Սեւանի մակարդակի 3 սմ բարձրացում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, Սեւանում ձկան փառատոնի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սեւանն այսօր մեզ շնորհակալություն է հայտնել, այսօր առավոտվա տվյալով Սեւանի մակարդակը եւս մեկ սանտիմետրով բարձրացել է եւ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մենք ունենք 3սմ-ի բարձրացում, այժմ Սեւանի լճի պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով եւ այս առիթով պետք է Սեւանին ծափահարել»,-ասաց նա` նշելով, որ ինքը շատ ուրախ է, որ փառտատոնային կուլտուրան Հայաստանում զարգանում է:
Վարչապետը նշեց, որ այս տարի աննախադեպ տեսարան է լինելու՝ հրավառությունը լինելու է Սևանա լճից:
«Ես չգիտեմ նախկինում նման բան եղել է թե, չէ, բայց այսօր հրավառությունը լինելու է նավից կամ ինչ-որ տեղից: Ժամը 20:00-ին, ովքեր ուզում են այդ հրավառությունը տեսնել, կարող են ընտանիքներով գալ: Ընտանիքով արձակուրդն անցկացրել ենք Սևանի ափին, և ձկան պատրաստման մշակույթը Սևանում ամեն տարվա հետ նոր բարձունքներ է նվաճում», - ասաց նա: